Ալավերդու համայնքապետարանը 8,8 մլն դրամի պայմ...

Հետք-ը գրում է․ 

Ալավերդու համայնքապետարանն 2024 թվականի հունվարի 9-ին 8 մլն 800 հազար դրամի պայմանագիր է կնքել Արտակ Գևորգյան ԱՁ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր ձեռք բերել աղբահանության ծառայություններ Ալավերդի համայնքի Շնող և Քարկոփ բնակավայրերի համար։ 

Արտակ Գևորգյանն Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Պայմանագիրը կնքվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։

Համաձայն պայմանագրում առկա տեխնիկական բնութագրի՝ Արտակ Գևորգյանը պետք է Շնող և Քարկոփ բնակավայրերում տեղադրեր 50 աղբարկղ՝ 43-ը Շնողում, 7-ը՝ Քարկոփում։ Մեկ տարի շարունակ շաբաթական չորս անգամ պետք է իրականացվեր աղբահանություն։

Մենք գրավոր դիմեցինք Ալավերդու համայնքապետարան հականալու համար՝ ինչու է աղբահանության ծառայությունների պայմանագիրը կնքվել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով։ Համայնքապետարանից պատասխանել են. «Քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 30-ին լրանալու էր Ալավերդի համայնքի երկու բնակավայրերում աղբահանության ծառայության մատուցման պայմանագրի ժամկետը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Ալավերդու համայնքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով հայտարարվել է «Հրատապության հիմքով մեկ անձից գնման ձեւ» տեսակի մրցույթ, որը հրապարակվել է Armeps.am էլեկտրոնային համակարգով։ Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 1 մասնակից»։

Հարց է առաջանում՝ արդյոք համայնքապետարանում  չեն իմացել, որ պայմանագիրը լրանալու է դեկտեմբերի 30-ին։ Եվ արդյոք հնարավոր չէր նախապես մրցույթ հայտարարել՝ ապահովելով մրցույթի մասնակիցների ներառականությունը։

Մեր այն հարցին՝ արդյոք Արտակ Գևորգյանի ավագանու անդամ լինելու հանգամանքն ազդել է նրա հետ պայմանագիր կնքելու որոշման վրա, Ալավերդու համայնքապետարանից բացասական պատասխան են տվել։ «Իսկ ինչ վերաբերում է համայնքի ավագանու անդամ Արտակ Գեւորգյանի՝ հրապարակված մրցույթում հաղթող ճանաչվելուն, վստահաբար նշում ենք, որ համայնքի ավագանու անդամ լինելը, բնականաբար, չի կարող որեւէ ազդեցություն ունենալ մրցույթի արդյունքների վրա»,- ասված է համայնքապետարանի պատասխանում։

Համայնքապետարանից նաև տեղեկացրին, որ 2022 թվականին ևս Ալավերդու համայնքապետարանի  հայտարարած աղբահանության մրցույթում հաղթող է ճանաչվել «Արտակ Գեւորգյան Լեւոնի» ԱՁ-ն։

Նախկինում նույնպես անդրադարձել էինք Ալավերդի համայնքի գնումներին։ Մասնավորապես գրել էինք, որ 2024 թվականին Ալավերդու համայնքապետարանը 2 պայմանագիր էր կնքել ավագանու ՔՊ-ական անդամ Արեն Դալլաքյանի մոր՝ Մանուշ Դալլաքյանի ԱՁ-ի հետ։ Երկու պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 3.8 մլն դրամ։