«Հրապարակը» գրում է ․ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր-սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Բագրատ Նավոյանի եւ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հարաբերությունները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով` ակումբի հիմնադիրը Խաշմանյանին օրեր առաջ ազատել է աշխատանքից։
«Պայմանագիր ունեն կնքված, ընդ որում` բարձր թվերով, լուրջ, պրոֆեսիոնալ պայմանագիր։ Պայմանագիրը կնքված է մինչեւ մայիս ամիսը։ Հիմա Խաշմանյանին ազատել են աշխատանքից»,- ասաց մեր աղբյուրը։ Խաշմանյանն իր ազատման որոշումը վիճարկել է դատարանում։
Նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաստատեց մեր տեղեկությունը` նշելով, որ իր վստահորդին նախ «նկատողություն», ապա «խիստ նկատողություն» են տվել դեկտեմբերին, իսկ օրեր առաջ ազատել են աշխատանքից։
Ըստ փաստաբանի` ազատումն անօրինական է, քանի որ պայմանագիր կա կնքված, մյուս կողմն էլ որպես ազատման պառճառ նշել է այն, որ Խաշմանյանը հունվարի մարզումներին չի գնացել։ Սիրունյանը, ի պատասխան այս հիմնավորման, արձագանքում է` հունվարին ի՞նչ մարզումներ։ Ազատումը վիճարկող հայցադիմումը դատարանում է։
Նշենք, որ սա մարզչի առաջին հեռացումը չէ ակումբից։ Դեռեւս 2016-ին նա հրաժարական էր տվել Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Փյունիկ»-«Ալաշկերտ» (1:0) հանդիպումից հետո: Այդ խաղում պարտվելով` «Ալաշկերտը» դուրս էր մնացել գավաթի համար մղվող պայքարից, ինչը զայրացրել էր Նավոյանին, եւ նա անվստահություն էր հայտնել մարզչական շտաբին: Բայց դրանից հետո Նավոյանը համոզել եւ ետ էր բերել Խաշմանյանին ակումբ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 06․ 02․ 25 թ համարում։