Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը վերջերս իր մտահոգություն էր հայտնել հիմնադրամի ֆինանսական մուտքերի վերաբերյալ: Մանուկյանը մասնավորապես նշել էր, որ հիմնադրամում չի արտացոլվում վարչապետի կողմից հայտարարված 35 հազար ստվերային աշխատողների մուտքը օրինական դաշտ, որի արդյունքում ամսական 35 մլն դրամ հավելյալ մուտք պիտի լիներ հիմնադրամ, հետևաբար կամ ստվեր չկար կամ այդ գումարը չի ծառայում իր նպատակին: Խորհրդի անդամը անդրադարձել էր նաև օպտիմալացման ծրագրին, որի հետևանքով 10 հազար աշխատողի կրճատվելը նշանակում է ամսական 10 մլն դրամի կորուստ:
Այսօր լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն`Մանուկյանի մտահոգությունները անտեղի են, քանի որ հիմնադրամի մուտքերը գնալով աճում են: Հրապարակման մեջ նշվում է, որ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալներով 2018 թվականին դրոշմանիշային վճարի գծով պետական բյուջե փաստացի վճարվել է 7 մլրդ 370,1 միլիոն դրամ, որը 747,8 միլիոն դրամով ավելի է դրան նախորդող տարում վճարված գումարից: Նախորդող տարի եղել է 6 մլրդ 622 մլն 300 հազար դրամ։ Արդյունքում 2017 թվականի համեմատ 2018 թվականին դրոշմանիշային վճարի կամ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով։ Պարզվում է նաեւ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի մայիս ամսվանից սկսած՝ յուրաքանչյուր ամիս վճարված դրոշմանիշային վճարների մասով ակնհայտ աճ է արձանագրվել:
Politik.am-ի հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ հրապարակումը հավաստի չէ, և ինքը փաստական տվյալները վաղը կներկայացնի լրագրողներին.
«Պեկ-ի տրամադրած տվյալները իրականությանը չեն համապատասխանում: Նշել են, թե հիմնադրամի մուտքերը աճել են շուրջ 10․15 տոկոսով, ինչը իրենից ենթադրում է, որ ամսեկան կտրվածքով մոտավորապես 50 հազար լրացուցիչ աշխատող է եղել, այսինքն` 50մլն դրամ լրացուցիչ մուտք հիմնադրամին: Պաշտոնապես հայտարարում եմ` նման բան չկա, իսկ վաղը այդ տվյալները հիմքերով` մեր հիմնադրամի խորհրդի նիստերի արձանագրություններով ներկայացնելու եմ լրատվամիջոցին»:
Ավելի վաղ Մանուկյանը գրել էր` ակնկալում եմ, որ ապատեղեկատվություն տարածողները պետք է խստագույնս պատժվեն:
Աննա Հովհաննիսյան



