Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այն համոզմանն է, որ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումը տեղի չի ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատճառով։ Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանն Արևմուտքից ստացել է այն, ինչ իրեն անհրաժեշտ էր:
Օհանյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:
«Ակնհայտ է, որ Բրյուսելի հանդիպումը տեղի չի ունենա, որովհետև Ադրբեջանի նախագահ Ալիևը չի ցանկանում մեկնել: Այն, ինչ նրան անհրաժեշտ էր ստանալ այս բանակցային գործընթացում՝ առաջին հերթին Արևմուտքից, ստացել է: Այս փուլում ինքն իր նպատակին հասել է: Կարծում եմ՝ հետագա գործընթացներում նա շեշտը դնելու է Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության պայմանագրի կնքման վրա, որի հիմնական նպատակներից մեկը, անկասկած, Հայաստանի նկատմամբ ճնշումների շարունակականությունն է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ենթակառույցների ապաշրջափակման շրջանակներում»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:
Օհանյանն այն համոզմանն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ:
«Հակամարտությունը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել իր վարքագիծը, որ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, մեզ հետ խոսում է ուժի ենթատեքստով և Արցախը հայաթափելով՝ ինքն այդ խնդիրը չի լուծել: Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ»,-ասաց նա:



