Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն ավարտել է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը, հաջորդ տարի այն կներկայացվի հաստատման։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«2025 թվականի պետական բյուջեով առանձնացրել ենք առանձին բյուջետային ծրագիր Ակադեմիական քաղաքի համար։ Մեծ թափով շարունակելու ենք ծրագրի իրականացումը։ Այս տարի ավարտել էինք «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի գլխավոր հատակագծի մշակումը։ 2025 թվականին արդեն հաստատման կներկայացվի ամբողջական գլխավոր հատակագիծը՝ տեղական օրենսդրության համապատասխան»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ մեկնարկել են նաև քաղաքաշինական զարգացման ուսումնասիրության, Ակադեմիական քաղաքի կառավարման մոդելի, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի մշակման աշխատանքները՝ միջազգային հեղինակավոր գործընկերների հետ կնքված պայմանագրերով։