Աջափնյակում մետրոյի կայարանի շինարարությունը...

 ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ֆինանսավորման համար:  Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության մարտի 2-ի նիստում:

«Առաջարկում ենք այս նախագծով մեր նախարարությանը տրամադրել 1 մլրդ 100 մլն դրամ, որի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելը: Աշխատանքները 3 փուլից են բաղկացած: Արդեն առաջին փուլն իրականացվել է, աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Երևանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է: Նախագծով առաջարկվեց, որ կառավարությունը հատկացնի 1.1 մլրդ դրամը: Իսկ մնացած գումարը հետագայում Երևանի քաղաքապետարանը կլրացնի:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս: «Այսինքն՝ 2 տարում կարողանալու ենք կայարանը կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ: Կայարանի շինարարությունը ենթադրում է նաև մետրոկամուրջ: Դա այս պահի դրությամբ դիտարկում ենք 2 տարբերակով՝ երկաթբետոնե հենասյուներով և հեծաններով տարբերակը և նոր մոդելով մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ այս պահին դեռ վերջնական որոշում չկա:

80-ականների նախագծի համեմատ մի քանի փոփոխություն է արվել: Նախկինում կայարանը նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն իսկ շենք է կառուցվել: «Մենք կայարանը որոշակիորեն, 120-140 մետր տեղափոխելով դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկ, կարողանում ենք մի քանի կարևոր խնդիր լուծել: Առաջին հերթին շինարարությունը մոտ 15 տոկոսով ավելի ցածր արժեք է ունենալու այս նախագծով: Շինարարության ժամանակը մոտ 6 ամսով կրճատվելու է: Այսինքն «Թումո»-ի մայթին՝ Հալաբյան-Աբելյան անկյունում է լինելու: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, վերևից ենք փորելու, ոչ թե տակը փորելով ենք գնալու: Դա շատ առավելություններ է մեզ տալիս»,-նշեց նա:

Այս տարի 2-րդ փուլն ավարտելուն պես նախագիծը կուղարկվի փորձաքննության: Տարվա վերջին պատրաստ կլինի վերջնական նախագիծը: Ըստ Ավինյանի՝ արդեն ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցը, քանի որ ընդամենը  2 տարվա շինարարության հարց է:

Շինարարական աշխատանքների գումարը սկզբնական հաշվարկից մի փոքր ավելի ցածր է լինելու:

Կանխատեսվում է, որ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով: