
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում կան տարածքներ, որտեղ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ և պատճառը որոշ քաղաքացիների ոչ սրտացավ մոտեցումն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Քաղաքացիները խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում:
Մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով:
Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ:
Աջափնյակի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է:
Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում:
Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»: