Բյուջետային կրճատումների, այդ թվում և Միացյալ Նահանգներից ֆինանսավորման նվազման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 2026 թվականին ստիպված կլինի ամբողջ աշխարհում աշխատանքից հեռացնել 1282 աշխատակցի։ Ինչպես հաղորդում է The Brussels Times-ը, այս մասին ԱՀԿ անդամ երկրներին հայտնել է կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Նա հայտնել է, որ բյուջեի նվազեցմամբ պայմանավորված՝ կրկնակի կրճատվել են ԱՀԿ-ում վարչությունների, ինչպես նաև ղեկավար կազմի անդամների թիվը։
Գեբրեյեսուսը տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դեպքերը նվազագույնի հասցնելու նպատակով ի թիվս այլ միջոցառումների իրենք կրճատել են այցերի քանակը։ Նրա խոսքով՝ առանց նմանօրինակ քայլերի ԱՀԿ-ն ստիպված կլիներ հրաժեշտ տալ մոտ 2900 աշխատակցի։
ԱՀԿ ղեկավարը տեղեկացրել է նաև, որ մինչև 2027 թվականը կազմակերպությունը պետք է կարողանա հաղթահարել բյուջեում առկա մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարի դեֆիցիտը։



