«Առավոտ» թերթը գրում է. «Նախօրեին, Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Հանդիպման արդյունքներով ընդունվեց եռակողմ հայտարարություն, ըստ որի երկու հարցի վերաբերյալ որոշում է կայացվել է. երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է՝ սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Երեկ կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանն այդ պայմանավորվածությունն այսպես բացատրեց. «Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները եւ հարցերը պետք է ի մի բերվեն եւ բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն»: Բրյուսելում ձեռք բերված հաջորդ որոշումը վերաբերվում է սահմանազատման-սահմանագծման գործընթացին. մինչեւ ապրիլի վերջ, Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով է ստեղծվելու: «Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դե յուրե սահման գոյություն ունի, եւ դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել եւ փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության եւ կայունության ապահովման ուղղությամբ»,- կառավարության նիստում բացատրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ՌԴ-ն գործընթացին աջակցելու պատրաստակամություն հայտնել էր, ԵՄ-ն նույնպես ստանձնում է այդ հանձնառությունը: Արցախի հարցի վերաբերյալ, Բրյուսելում կայացած քննարկումների մասին էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «այդ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի»: Նաեւ հավելեց, որ թեմայի հետագա քննարկումը ինքը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետեւ խոսքը, Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է. «...հարցը ավելի շատ պիտի քննարկվի Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ, ինչը մենք անում ենք եւ կանենք»:



