Հայաստանում տեղակայված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը շարունակում է կարևոր դեր խաղալ՝ պահպանելով կայունությունը և նպաստելով խաղաղության գործընթացին։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հատկապես կարևոր է Ադրբեջանի ներկայիս հռետորաբանության պայմաններում, երբ շինծու մեղադրանքներ են հնչում Հայաստանի զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու կամ խաղաղության խախտման վերաբերյալ։
«Մեր համոզմունքն է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չունի սահմանազատված սահմաններ Ադրբեջանի հետ, ու քանի դեռ լինում են շինծու մեղադրանքներ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից կրակոցներ արձակելու, խաղաղությունը խախտելու վերաբերյալ, շարունակելու ենք ունենալ Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության կարիքը: Մենք համարում ենք նրանց ներկայությունը պահանջված»,- ասաց Միրզոյանը։