Աֆղանստանում 16 մարդ է զոհվել փոխնահանգապետի...

Աֆղանստանի Բադախշանի նահանգում փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ պայթյուն է տեղի է ունեցել, որը 16 մարդու կյանք է խլել: Փոխնահանգապետն՝ ինքը, նույնպես զոհվել էր պայթյունից:  Ինչպես  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել են TOLOnews հեռուստաալիքի աղբյուրները։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն Ֆայզաբադ քաղաքի մզկիթում` փոխնահանգապետի հուղարկավորության ժամանակ, որը պայթյունի զոհ էր դարձել հունիսի 6-ին։ Տեղական վարչակազմի ներկայացուցիչը, որին նշանակել են «Թալիբան» շարժման կողմնակիցները, հեռուստաալիքին տված հարցազրույցում հաստատել է պայթյունի բուն փաստը, սակայն զոհերի մասին տեղեկություն չի հայտնել։

Աֆղանական Hasht-e Subh հրատարակության աղբյուրները հայտնում են նաև, որ միջադեպից հետո քաղաքում բռնկվել են զինված բախումներ, որոնք դեռ շարունակվում են։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ թալիբների դաշտային հրամանատարը։ Այս թիվը վերջնական չէ, քանի որ շտապօգնության մեքենաները շարունակում են բուժհաստատություն հասցնել մահացածների և վիրավորների։

Հունիսի 6-ին Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բադախշանի նահանգի փոխնահանգապետը սպանվել էր իրեն տանող ավտոմեքենայի պայթեցման հետևանքով։ Հարձակումն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը։ Հարձակման հետևանքով զոհվել էր ևս մեկ մարդ, վիրավորվել՝ վեցը: