Ադրբեջանը սպառնում է ԱՄՆ-ին․ Պատճառը Պետդեպի...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյաների վերջին հայտարարություններին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ադրբեջանի ԱԳՆ-ն, մասնավորապես, անդրադարձել է 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Սենատում ունեցած ելույթին, որտեղ վերջինս հայտարարել է հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտության մասին՝ Հայաստանում հակամարտության հետևանքով առաջացած մարդասիրական ծանր կարիքները լուծելու համար։ 


Բաքուն հիշատակել է նաև 2023 թ․ նոյեմբերի 2-ին Պետդեպի արած հայտարարությանը, ըստ որի, պատասխանելով «Ամերիկայի ձայն» լրատվական գործակալության հարցին, գերատեսչությունում ևս մեկ անգամ ընդգծել են, որ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, և այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լուրջ հետևանքների։


Հաջիզադեի պնդմամբ, «չնայած այն հանգամանքին, որ Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ միջնորդ է եղել, ցավոք, նա երբեք այսքան խստորեն չի խրախուսել և աջակցել Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ադրբեջանցի փախստականներին և ներքին տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցին, որոնք, իբր, դարձել են Հայաստանի կողմից իրականացվող էթնիկ զտումների զոհ»։


Դրա փոխարեն, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Վաշինգտոնն, իբր, ֆինանսապես սատարել է «Հայաստանին, որպեսզի Երևանը պաշտպանի ԼՂ անօրինական ռեժիմի գործունեությունը»։


«Եթե ԱՄՆ-ն այլ կերպ վերաբերվեր Ադրբեջանին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներին, ապա Ադրբեջանի դեմ սպառնալիքները ուժով լուծելու անհրաժեշտություն չէր լինի, և հարցը կլուծվեր խաղաղ ճանապարհով։ Հենց միջնորդական ջանքերի ձախողումն էր, որին մասնակցում էր նաև Միացյալ Նահանգները, և Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը կանխելու անկարողությունը, որ դրդեցին Ադրբեջանին ազատագրել իր հողերը ռազմական ճանապարհով։ Ուստի, այլ փաստերի հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները նույնպես պատասխանատու է անցյալ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու իր անգործության համար»,- ասել է գերատեսչության խոսնակը՝ հընթացս մեղադրանքներ հասցեագրելով նաև հայկակական կողմին խաղաղության գործընթացն, իբր, մշտապես տապալելու համար։


«Անընդունելի է Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։ Ադրբեջանի դեմ ցանկացած ոչ բարեկամական գործողություն դրական արդյունքների չի բերի, և նման գործողություններին համարժեք պատասխան կլինի»,-հավելել է Հաջիզադեն։