«Մամեդյարովն այսօր նորից պնդեց, որ սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի բանակցային սեղան վերադարձին, որովհետև ասում է, որ Հայաստանի իշխանությունները գալիս և իրենց ներկայացնում են՝ ինչ են բանակցում»,- Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողներն այս հարցով դիմել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
«Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խիստ պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,- ասել է նա:
Խոսելով Հայաստանում հնչող քննադատությունների մասին, թե ինչո՞ւ վարչապետը մասնակցեց միայն պաշտոնական ընթրիքին և ոչ՝ բարձր մակարդակի կոնֆերանսին, անդրադառնալով այդ քննադատությունների հիմքերին, Մնացականյանը պատասխանել է.
«Գիտեք, որ վարչապետն ուներ իր ծրագիրը: Չեմ կարծում, որ արժի սրա վրա կառուցել մի տեսություն, թե ինչու այսպես պատահեց, որովհետև եղել են տարբեր մակարդակներով տարբեր ղեկավարներ։ Ես մնացել եմ, շարունակել եմ, մասնակցել եմ: Ձեզ հետ միասին մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում այսօր։ Ի դեպ, նորից կրկնեմ, շատ գործնական և շատ լավ այց էր վարչապետի կողմից, որովհետև երեկվա քննարկումները, շփումները շատ գործնական էին, շատ լավն էին. և՛ երկկողմ, և՛ բազմակողմ մակարդակներով տեղի ունեցան բազմաթիվ շփումներ, գնահատականների, մտքերի բազմաթիվ փոխանակումներ: Այսօր դա շարունակվեց: Գործնական առումով մենք շատ գոհ ենք: Ինչ վերաբերում է, թե ինչու այսպես կամ այնպես, ի վերջո, նորից կրկնեմ` սա շատ կարևոր միջոցառում էր այն առումով, որ սա տասնամյակի նշում էր` շատ լավ կազմակերպված:
Մենք մասնակցեցինք, բայց նաև վարչապետն ուներ մեկ այլ այց, որը նույնպես կարևոր էր և նույնպես պետք էր իրականացնել: Եվ Բրյուսելից մինչև Պեկին հասնելը ժամանակ է տևում, դրա համար կարողացանք հարմարեցնել և բոլորս միասին պայմանավորվել հյուրընկալող կողմի հետ։ Այս ամենը նորմալ է։ Այսինքն` կարիք չկա կառուցելու ենթադրություն, թե ինչու է այսպես, թե այնպես»:



