Politik.am-ը ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքն է հարցրել Հայաստան-Ադրբեջան ներկայիս հարաբերությունների և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հնարավորության մասին: Հարցին, թե սահմանային լարվածությունների ֆոնին արդյո՞ք անհասկանալի չէ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միտքը, Էլիբեգովան պատասխանում է.
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու միտքը անհասկանալի չէ, անիրագործելի է: Սրանք տարբեր բաներ են: Այսինքն՝ այն, որ ժողովուրդներին պետք է խաղաղության նախապատրաստել, փաստ է, բայց ինչպես դա անել այս իրավիճակում՝ ոչ ոք չգիտի, որովհետև այս պրոցեսը մոտավորապես 50 տարի պահանջելու է, առավել ևս ադրբեջանական հասարակության մեջ: Եթե իրենք նույնիսկ հենց այս պահին որոշեն, որ հայատյացությունը, հակահայկական քարոզը ու միլիտարիզացիան թողնում են, պետք կլինի ևս 50 տարի, որ այն սերունդները, որոնք մանկապարտեզից սկսած մեծացել ու մեծանում են այդ մթնոլորտում, ամենը մոռանան: Ցանկալի երազանք է, բայց, այնուամենայնիվ, պրակտիկորեն, իրագործելի չէ»:
Էլիբեգովայի խոսքով՝ անհամեմատելի է Ադրբեջանում հայերի հանդեպ վերաբերմունքը, և Հայաստանում՝ ադրբեջանցիների հանդեպ.«Մեզ մոտ համակարգված, պետական համակարգով գաղափարախոսություն չկա՝ «ադրբեջանատյաց»: Դա բացակայում է, կրում է միայն կենցաղային մակարդակ, ինչը բնորոշ է պատերազմող երկրի բնակչության համար: Բնականաբար, դա համեմատելի չէ ո՛չ ադրբեջանական պաշտոնական անձանց հակահայկական քարոզի, ո՛չ մամուլի, ո՛չ դասագրքերի հետ: Հետևաբար, մենք այդ խնդիրը սուր դրված առհասարակ չունենք: Մեզնից սկսել այդ խաղաղության պատրաստելը մի քիչ անիմաստ է, որովհետև խնդիրը Ադրբեջանում է, պետք է սկսել իրենցից: Իսկ Ադրբեջանը դա սկսել պատրաստ չէ: Ալիևը երեկ բացեիբաց հայտարարեց, որ ավարտվել է պատերազմի միայն առաջին փուլը, և պատերազմը դեռ ավարտված չէ, այսինքն՝ Ադրբեջանը հստակորեն ցույց է տալիս, որ խաղաղության մասին զրույցները մնալու են միայն զրույցների տեսքով»,-ամփոփեց ադրբեջանագետը:



