Ադրբեջանն այսօր ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին փոխանցել է զոհված զինծառայողի 10 մարմին։ Այս մասին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են Շուշիի մոտակայքում՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։
Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Սեպտեմբերի 4–ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։