Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ նրան մեղադրելով այսպես կոչված «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանը Արբիտրաժի ծանուցում է ուղարկել Հայաստանին։
«Հայաստանն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարվա ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին հասանելիություն ստանալ կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները: Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր օգտին», - ասվում է հայցում։
Նշվում է, որ Ադրբեջանը կշարունակի փոխհատուցում պահանջել Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» խախտման համար: