Ադրբեջանը Հայաստանի դեմ եւս երկու հայց կներկայացնի միջազգային դատարան, ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«2021թ. առաջին անգամ տեղի ունեցան միջպետական դատավարություններ եւ հայցեր ներկայացվեցին Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Աշխատանքներն այս ուղղությամբ արդեն սկսվել են, այս տարվա ընթացքում Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միեւնույն ժամանակ ռասայական խտրականության ցանկացած ձեւի դեմ 1965թ. կոնվենցիայի շրջանակում՝ ՄԱԿ միջազգային դատարան»,- ասել է Բայրամովը։
Նախարարի խոսքով՝ Ադրբեջանը կշարունակի հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ միջազգային դատարան. «Կարճ ժամկետում միջազգային դատարան կդիմենք Հայաստանի կողմից երկու կոնվենցիաների խախտման վերաբերյալ՝ էկոլոգիային եւ շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաեւ Ադրբեջանի էներգետիկ եւ բնական պաշարների անօրինական յուրացում։ Սա 2022թ. գերակա ուղղություններից մեկն է»։