ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Քաղաքագետ Արմեն Բաղդասարայանը Politik.am-Ի հետ զրույցում նշում է, որ հանդիպումից լուրջ, բեկումնային ակնկալիքներ չպետք է ունենալ՝ հաշվի առնելով շփման գծում վերջին օրերի լարվածությունը (զոհ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմում): «Ակնկալիքը կլինի այն, որ այդ լարվածությունը թուլանա, և բանակցային գործընթացը մտնի նորմալ փուլ: Այն նշաձողին, որ դրել ենք մենք՝ Արցախին անպայման դարձնել բանակցային կողմ, Ադրբեջանը կտրականապես դեմ է, և կարծում եմ՝ առաջին հերթին հենց այդ հարցը պետք է քննարկվի՝ փորձենք հասկանալ՝ ի վերջո, եթե հակամարտության երկու կողմերով բանակցությունները արդյունավետ չեն, ապա որն է խնդիրը, որ լիարժեք ֆորմատը չի վերականգնվում, եթե իսկապես ուզում ենք խնդրի խաղաղ կարգավորում»,-ասում է Բաղդասարյանը:
Ըստ քաղաքագետի՝ բանակցությունների բոլոր փուլերից առաջ, որպես կանոն, ադրբեջանական կողմը այդպիսի սադրանքներ է իրականացնում. «Ինչը նշանակում է՝ զիջման ցանկություն չունեն: Մենք էլ մեր հերթին պետք է ցույց տանք, որ մենք էլ ցանկացած պահի պատրաստ ենք ռազմական ագրեսիային դիմակայել: Այսինքն՝ Ադրբեջանը չպետք է հույս ունենա, որ մկաններ ցուցադրելով՝ կարող է ինչ-որ արդյունքի հասնել: Սա միշտ եղել է: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ միաժամանակ փորձելով լուծման հասնել բանակցություններով: Այս փուլում մեծ հույսեր չունեմ, որ կհասնենք, բայց գործընթացը դրական եմ գնահատում»,-ամփոփում է քաղաքագետը:



