Ադրբեջանը Բաքվում պահվող հայերին օգտագործում...

ԱԺ հրատապ նիստում քննարկվում է խորհդարանական ընդդիմության ներկայացրած նախաձեռնությունը, որով առաջարկվում է ԱԺ հայտարարություն ընդունել Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդների ազատ արձակման կոչով:

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, ով նշեց, որ Ադրբեջանում ընթացող COP29-ին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցություններին ընդառաջ, երբ միջազգային տարբեր դերակատարներն ազդանշաններ էին տալիս հնարավոր փոխըմբռնման շուրջ, Ադրբեջանը շարունակում է բարձրագույն մակարդակով շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել ՀՀ-ի հետ:

«Սա ոչ միայն ցույց է տալիս Ադրբեջանի անհանդուրժողականության ու ատելության քաղաքականությունն, այլ այն, որ այս երկրի համար՝ որպես հակամարտության կարգավորման հիմք, շարունակում է դրված լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»,- ասել է պատգամավորը:

Նա նշեց, որ վերջին տարիների Ադրբեջանի վարած քաղաքականությունը ցույց է տվել, որ իրենց առավելապաշտական ծրագրերին շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելուց բացի ՀՀ-ի դեմ կիրառվում է նաև ռազմագերիների շահարկման թեման:

«Ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետաևանքով այս պահին Բաքվի բանտերում են գտնվում 23 հայ, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Խաղաղության պայմանագրի կնքումն իրենից ենթադրում է, որ երկրների միջև տեղի է ունեցել գերիների ու ռազմագերիների վերադարձ:

Ադրբեջանը հայ գերիներին ու ռազմագերիներին այս 4 տարվա ընթացքում օգտագործել է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար: Այս առումով կարևոր եմ համարում COP29-ի անցկացման օրերին այս ֆորմատով անցկացվող քննարկումը մեր խորհրդարանում»,- ասել է նա: