
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բացատրել է ԵԱՀԿ գործող նախագահի Ադրբեջան այցը հետաձգելու պատճառը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն APA-ին հայտնել է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի տարածաշրջանային այցը պետք է սկսվեր Ադրբեջանում:
«Այս այցը նախատեսված էր հոկտեմբերի 13-ին։ Սակայն այցը հետաձգվել է՝ Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին Նախագահ Իլհամ Ալիևի հրավերով և այդ գագաթնաժողովին նրա գլխավորած պատվիրակության մասնակցության պատճառով։ Ներկայումս աշխատանքներ են տարվում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջան կատարելիք այցի նոր ամսաթիվը համաձայնեցնելու ուղղությամբ»,- ընդգծել է Ա. Հաջիզադեն։
Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Է. Վալտոնենը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է նաև նրա այցը Վրաստան։