Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ հիասթափեցնող է պատգամավոր Հովհաննես Իգիթյանի կեցվածքը։ Նա նշեց, որ Իգիթյանը հորդորում է, որ չասվի «կապիտուլյացիա» բառը, սակայն դրանից ինչ է փոխվելու, միթե թշնամին չի իմանո՞ւմ, որ այսօրվա իշխանությունը Արցախը ծնկի է բերել թուրքի առաջ ու դեռ ժամանակն ու քննիչ հանձնաժողովները ցույց կտան, թե ինչի արդյունքում է դա եղել: Զոհրաբյանը համաձայն է, որ երկար ժամանակ վատ է լինելու, քանի որ թուրքի սահմանը բերվեց ու հասցվեց Վարդենիսի մոտ:
Պատգամավորն ընդգծեց, որ տարածքներն Ադրբեջանին հանձնվում են նվաստացուցիչ ժամանակացույցով, քանի որ մեկը համընկնում է օրինակ Ադրբեջանի դրոշի օրվա հետ, մյուսը Մոնթեի ծննդյան օրվա հետ։ «Ես միշտ մտածել եմ, որ շատ էմոցիոնալ մարդ չեմ, սակայն երբ տեսա, թե ինչպես փակվեցին Քարվաճառի դարպասները, հազարապատիկ ատեցի ձեզ, բոլորիդ, քանի որ դուք հանձնեցիք իմ հայրենիքը: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դեռ պետք է գնա Ալիեւի հետ նսստի ու խոսի: Նա Ադրբեջանում դարձել է Ջոնի Բրջոնի: Ես անհարմար եմ զգում, երբ նայում եմ այդ երգերը, մուլտերը: Դա նաեւ իմ՝ որպես հայի, արժանապատվության ոտնահարում է: Ուրախացել եք, որ Պուտինը նրան դավաճան չի ասել, իսկ ինչու պետք է ասի: Այո, Ռուսաստանի ու Պուտինի համար նա դավաճան չէ, Ալիեւի համար տեսնում եք, թե ինչպիսի ազգային հերոս է: Դուք սպանել եք մեր արժանապատվությունը, ցեղասպանությունից հետո սա մեզ հասցված ամենածանր հարվածն էր: Ու սա այն դեպքում, երբ Պուտինն ասաց, որ ամեն ինչ շատ ավելի շուտ կարելի էր կանգեցնել»,- ասաց Զոհրաբյանը:



