Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը համառորեն ա...

Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանը շարունակում են համառորեն անվանել «պայմանական»։ Ինչպես հայտնել է APA-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստ 2024թ. արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը հատկապես ընդգծել է «Ադրբեջանի պաշտպանական հզորության եւ տարածաշրջանի գլոբալ ուժային կենտրոնի վերածվելու կարեւորությունը» եւ, հետեւաբար, հանգամանորեն խոսել է ընթացիկ տարվա բանակաշինության պլանների մասին։ Մասնավորապես, խոսվել է «ադրբեջանական բանակի զինանոցում նորագույն տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված ժամանակակից սպառազինության համակարգերի մասին»։ «Վերլուծվել է նաեւ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին առկա օպերատիվ իրավիճակը»։ «Տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ պայմանական պետական ​​սահմանին մարտական ​​հերթապահություն կազմակերպելու, անվտանգության կանոնների խստիվ պահպանման, զգոնության բարձրացման, հակառակորդի գործողությունների շարունակական մոնիթորինգն ու վերահսկողությունն առավել ուժեղացնելու ուղղությամբ։ Պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել պաշտոնատար անձանց՝ հենակետերում եւ մարտական ​​դիրքերում բոլոր տեսակի ռեզերվների ստեղծմանն ուղղված մշտական ​​ուշադրության առումով»,- հայտնել են լրատվամիջոցները։