Ադրբեջանից Իսրայել էներգակիրների մատակարարում...

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալիքին հայնել է, որ Ադրբեջանում բրիտանական եւ իսրայելական ընկերությունների գործունեությունը լրջորեն աղտոտել է Կասպից ծովը՝ հակառակ Թեհրանի եւ Բաքվի համաձայնագրերին եւ Թեհրանի կոնվենցիայի դրույթներին։ Այս մասին տեղեկացրել է Mehr գործակալությունը։

«Իրանի նախագահը պետք է անձամբ մասնակցեր COP29-ին, բայց չի մասնակցում գագաթաժողովին սիոնիստական ռեժիմի պաշտոնյայի ներկայության պատճառով»,- հիշեցրել է խորհրդարանականը։

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարել Թեհրանի կոնվենցիայի հիման վրա Կասպից ծովի պաշտպանության իր պարտավորությունները։

Մալիքին ավելացրել է, որ սպասվում էր, որ COP29-ում այդ հարցը լրջորեն կքննարկվի։

Նա ընդգծել է, որ ամենագլխավոր խոչընդոտը Ադրբեջանում անգլո-սիոնիստական ընկերությունների ներկայությունն է՝ Իսրայել էներգակիրներ մատակարարելու նպատակով, ինչը հակասում է բարիդրացիության քաղաքականությանը եւ Թեհրանի կոնվենցիայի ոգուն։

«Մենք սպասում ենք, որ արտաքին գործերի նախարարությունը, շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը եւ էներգետիկայի նախարարությունը խորհրդարանին կներկայացնեն համապարփակ հաշվետվություն Ադրբեջանի խախտումների մասին։ Մենք կհետեւենք դրան ավելի լրջորեն»,- ընդգծել է պատգամավորը։