Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեպտեմբերի 1-ին ստացվել են ահազանգեր Գեղարքունիքի մարզի Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինտենսիվ կրակոցներ արձակելու առնչությամբ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։
«Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի ագրեսիվ վարքագիծը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի սկզբունքները, իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնաչության կյանքի իրավունքի և անվտանգության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ: