Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ Ստամբուլում նախատեսված հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում համագործակցության ամրապնդման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի և էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցեր։
Հղում անելով Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը, այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիան։
Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքներով երեք երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կստորագրեն համատեղ հայտարարություն:
Կալանդիան նաև նշել է, որ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին առանձին երկկողմ հանդիպումներ կունենա Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հետ։
Դիվանագետի խոսքով՝ քննարկվելիք թեմաների շարքում կլինի նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցը։



