Ֆրանսիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 11–ին, հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ:
Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան գոհունակությամբ արձանագրել են երկու ժողովուրդների բարեկամության եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համագործակցության հարուստ օրակարգին վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման հետ կապված վերջին զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջաի միջեւ սահմանազատման գործընթացի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Կատրին Կոլոննային սեպտեմբերի 13-14 ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջնական ագրեսիայի հետեւանքների վերացման առնչությամբ ֆրանսիական կողմի սկզբունքային դիրքորոշման համար: Միաժամանակ բարձր է գնահատվել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման գործում։
Երկուստեք կարեւորվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության եւ կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելության գործունեությանը վերաբերող հարցերի: