Ադրբեջանի ՊՆ-ն «վերացրել է» Լեռնային Ղարաբաղ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղ անվանումը գործածելու կապակցությամբ եւ փորձել է շանտաժի ենթարկել Մոսկվային։

«Անընդունելի է «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումը ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ՝ Ուկրաինային ուղարկված մարդասիրական օգնության համատեքստում։

Ռուսաստանի Դաշնության ամենաբարձր եւ բարձր մակարդակներով բազմիցս արված հայտարարություններում հաստատվել է աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Ընդ որում, երկու երկրների միջեւ ստորագրված համապատասխան փաստաթղթերում այս դիրքորոշումը եւս մեկ անգամ ամրագրված է։

Ի հեճուկս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշման, նախկինում եւս եղել են դեպքեր, երբ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներն այս անվանումով են նշվել։ Նման հայտարարությունները կարող են վնաս հասցնել ադրբեջանա-ռուսական հարաբերություններին եւ հանգեցնել իրավիճակի սրման Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը կոչ է անում դադարեցնել մեր երկրի ինքնիշխան տարածքները կոչել վարչատարածքային միավորների այնպիսի անուններով, որոնք Ադրբեջանի Հանրապետությունում գոյություն չունեն»,- ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԶԼՄ-ների կողմից։