Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն է հրավիրել։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը, խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարներ, ռազմական ստորաբաժանումների հրամանատարներ, գլխավոր վարչությունների պետեր, նախարարության վարչությունների եւ ծառայությունների ղեկավարներ։
Զաքիր Հասանովը խորհրդակցության մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել այն առաջադրանքները, որոնք ադրբեջանական բանակի առջեւ դրել է նախագահը օկուպացված հայկական Հադրութ կատարած այցի ժամանակ։
Հանդիպմանը վերլուծել են ներկա իրավիճակը պետական սահմանին եւ «ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում»՝ նկատի ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։
«Դրական գնահատելով ստորաբաժանումների մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով զորքերում անցկացված զորավարժությունները՝ նախարարը հանձնարարել է ցերեկային եւ գիշերային ժամերին իրական մարտերի պայմաններին համապատասխան տարաբնույթ վարժանքներ եւ գործնական պարապմունքներ անցկացնել»,- ասվում է հաղորդագրության մեջ։



