Դեպքերը շատ են, երբ տրանսպորտային միջոցն առևանգում են, բայց սեփականատերը շարունակում է գույքահարկ վճարել: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան:
«Պնդում եմ, որ նախագծի մեջ մտցվի նորմ, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների սեփականատերերը ևս օգտվեն այս նորմից և գույքահարկ չվճարեն: Ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանման ժամանակ ՀՀ շատ քաղաքացիների տրանսպորտային միջոցներ մնացել են այնտեղ ու այդ մարդիկ առ այսօր գույքահարկ են վճարում:
Երբ մեր քաղաքացիները գույքահարկ չեն վճարում, հայց են ստանում դատարանից ու երբ ապացուցում են, որ իրենք չեն տնօրինում այդ տրանսպորտային միջոցը, ազատվում են գույքահարկից, բայց սա հսկայական դատական պրոցես է, որի հնարավորությունից շատերը չեն կարողանում օգտվել:
Բացի այդ գույքահարկի ազատման ժամանակահատվածը պետք է լինի այն ժամանակահատվածը, երբ փաստացի առևանգվել է տրանսպորտային միջոցը և ոչ թե քրեական վարույթը հարուցելու ժամանակահատվածը»,- ասաց Խաչատրյանը