
Ադրբեջանի եւ Ղազախստանի առաջատար հեռահաղորդակցային ընկերությունները՝ «AzerTelecom»-ը եւ «Kazakhtelecom»-ը, համագործակցության պայմանների մասին համաձայնագիր են կնքել Կասպից ծովի հատակով կապի օպտիկամանրաթելային գծի կառուցման նախագծի շրջանակում: Համաձայնագիրը ռազմավարական գործընկերության հիմնարար փաստաթուղթ է եւ սահմանում է երկու ընկերությունների համագործակցության հիմնական պայմանները ավելի վաղ ստորագրված հուշագրի շրջանակում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կասպից ծովի հատակով Ադրբեջան-Ղազախստան հաղորդակցության տրանսկասպյան օպտիկամանրաթելային գծի նախագիծը «Թվային Մետաքսի ճանապարհ» (Digital Silk Way) մասշտաբային նախագծի մի մասն է, որը նախատեսում է թվային հեռահաղորդակցության միջանցքի ստեղծում Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:
Կասպից ծովի հատակով Ադրբեջան-Ղազախստան երթուղով կապի օպտիկամանրաթելային գծի կառուցման Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի խոշորագույն նախագիծը մտադիր են իրականացնել մինչեւ հաջորդ տարվա վերջ: Ստորջրյա գծի հիմնական երթուղին անցնելու է Ակտաուից մինչեւ ադրբեջանական Սիյազան եւ կազմելու է ավելի քան 340 կմ, մոտ 330 կմ երկարությամբ պահուստային ջրանցք կանցկացվի Ղազախստանի Կուրիկ նավահանգստից մինչեւ Բուզովնա, որը գտնվում է Բաքվից ոչ հեռու։