Ադրբեջանցի զինծառայող է զոհվել․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի ՊՆ-ին, հայտնում են, որ այսօր երեկոյան՝ Ֆիզուլիի հատվածում հայկական կողմի հետ բախումների հետևանքով ադրբեջանական կողմը ունի զոհ՝ Էլեզով Էլեզ Էլեդդին օղլուն (Əlləzov Əlləz Ələddin oğlu)։

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ մարտի 26-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մասնավորապես՝ Բերդավան գյուղի մերձակայքում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ, միջդիրքային տարածքում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել՝ մոտեցնելով իրենց դիրքերը։ 
 
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։

Հավելենք, որ Ադրբեջանի ՊՆ և ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունները տարբեր տեղանքների մասին են։