«Ադեկվադ» հաղորդաշարի համահեղինակ-վարող Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ֆեյսբուքը» սկսել է արգելափակել այն էջերը ու օգտատերերին, որոնց քաղաքական հայացքները չեն համընկնում իրենց ղեկավարության հայացքների հետ՝ այդ թվում «Ադեկվադի», «Անտիֆեյքի» ու այդ էջերի հետ ասոցացվող անձանց հաշիվները:
Politik.am-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանը որոշ մանրմասներ է ներկայացրել՝ նշելով նաև հավանական պատճառները.
«Պատճառը գաղափարախոսական է. մարդիկ հասկանում են, որ իրենց ձեռքի տակից իրենց հասարակությունները «պլստում» են: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհով պահպանողական հայացքների տեր մարդիկ սկսում են ավելի շատ քաղաքական լսրաններ ստանալ: Այդ տենդենցը արձանագրվեց նաև Եվրոպայում: Արևմտամետ, ամերիկամետ ճամբարում կա ցանկություն՝ ամեն ինչ անել, որ այդ ալիքը շարունակվի նաև Հայաստանում»:
Դանիելյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի վերլուծական կենտրոնը` Atlantic Council-ն է իրենցով «զբաղվում».
«Չգիտեմ՝ արգելափակելու իրենց քայլը որքանով արդյունավետ կլինի, որովհետև կարճաժամկետ կարող են մեզ համար անհարմարություններ ստեղծել, բայց երկարաժամկետ պարագայում չեն կարողանալու լուրջ հաջողության հասնել, որովհետև իրենց այս քայլերը վկայում են, որ այն, ինչ մենք անում ենք, շատ արդյունավետ է և հաջողությամբ է պասկվելու»:
Արթուր Դանիելյանն ասում է՝ կքննարկեն հաղորդման տարածման այլըտրանքային տարբերակներ, այդ թվում՝ հեռուստատեսային ֆորմատի.«Մեր համակիկրները վերջին մի քանի ամսվա ընթացքում այդ հարցը բարձրացրել են: Մենք հակված չէինք հեռուստահարթակն օգտագործել, բայց քանի որ արդեն ակնհայտ է, որ մեր լսարանին լուրջ վտանգ է սպառնում, պետք է դիտարկել բոլոր այլընտրանքային տարբերակները»:
Հարցին, թե որքանո՞վ են հեշտ պատկերացնում հեռուստատեսություն մուտք գործելը հայաստանյան պայմաններում, երբ որոշ լրատվամիջոցներ, օրինակ, չէին լուսաբանում #SutNikol ակցիան, Դանիելյանը նշում է.«Իրատեսականությունը կգնահատեմ 50 տոկոս. դեռևս կան հեռուստաալիքներ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն և իրենց թույլ են տալիս լուսաբանել: Նման քննարկում դեռևս չկա, բայց հարց օրակարգում է»:



