Աբխազիայի խորհրդարանը մերժել է Ռուսաստանի հետ...

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն արտահերթ նիստում դեմ են քվեարկել հանրապետության տարածքում ռուսաստանցի իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին աբխազառուսական համաձայնագրի վավերացմանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Համաձայնագրի վավերացմանը դեմ է քվեարկել 22 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել։

Ավելի վաղ մի շարք ընդդիմադիր կազմակերպություններ խորհրդարանից պահանջել էին արտահերթ նիստ անցկացնել և դեմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը։

Ըստ խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբային ուղղված դիմումի՝ համաձայնագրի վավերացումը մերժելը «կնվազեցնի հասարակական-քաղաքական առճակատման աստիճանը և կապահովի, որ առաջիկա ընտրական գործընթացն ընթանա հանգիստ մթնոլորտում»։

Վերոնշյալ համաձայնագիրը հոկտեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրել էին Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը և Աբխազիայի էկոնոմիկայի նախարար Քրիստինա Օզգանը։ Աբխազիայի իշխանություններն ընդգծել են, որ համաձայնագիրն ուղղված է հանրապետության տնտեսության մեջ ռուսական ներդրումների ներգրավմանը։ Փաստաթուղթը թույլ է տալիս ռուսական ընկերություններին իրականացնել տարբեր նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արտադրությունը և զբոսաշրջությունը: Սա ներառում է նաև ենթակառուցվածքների զարգացումը, ներառյալ գազամատակարարումը, ջրամատակարարումը և տրանսպորտը:

Հանրապետության ընդդիմադիր կազմակերպությունները քննադատել են համաձայնագիրը՝ նշելով, որ այն պարունակում է դրույթներ, որոնք տեղական բիզնեսին ոչ շահեկան իրավիճակում են դնում և խաթարում Աբխազիայի ազգային շահերը։

Նոյեմբերի կեսերին Աբխազիայում զանգվածային անկարգություններ էին սկսվել։ Նոյեմբերի 19-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներն արտահերթ նիստում ընդունել են երկրի նախագահի հրաժարականը։ Նախագահական ընտրությունները նշանակված են 2025 թ. փետրվարի 15-ին։