«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ ուժայինների ղեկավարները ներկայացնում էին կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը, որոշ մասը՝ փակ ռեժիմով։ Տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից, մասնավորապես «Հրապարակի»՝ իր առանձնատան մասին հրապարակումից, եւ փորձել է «բացահայտել», թե ով է «սլիվ» արել: Հիշեցնենք․ այդ նիստի ժամանակ հարց են տվել, թե ճի՞շտ է, որ դուք կամ ձեր հարազատներից մեկը 1.5 մլն դոլարով տուն եք գնել Վահագնի թաղամասում։ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից, թե դրանք անձնական տվյալներ են, իրավունք ունի չպատասխանելու։
Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, եւ Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը եւ Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գեւորգյանը։ Տեղեկացանք նաեւ, որ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանն էլ փակ նիստում կտրականապես հրաժարվել է հստակ պատասխանել թե՛ հիբրիդային պատերազմի մասին, թե` որ երկիրն է այդ պատերազմը մղում եւ թե՛ արտերկրում մեր քաղաքացիներին ճնշելու միջոցով ընդդիմության օգտին քվեարկելու պարտադրանքի մասին իր իսկ կառույցի հայտնած տեղեկությունների վերաբերյալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․ թերթի՝ 21․ 03․ 26



