ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը լրագրողները նշեցին՝ ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ պայքար է իրականացնում, հակակոռուպցիոն պայքար, բարձրաստիճան պաշտոնյաների դեմ գործի քննություն, ապա հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է այսքան մեծ դեր տրվել ԱԱԾ-ին, ինչո՞վ պետք է զբաղվեն մյուս իրավապահ կառույցները.
«Ոչ մի բանի էլ չի վերածվել, հեղափոխությունից առաջ և Երրորդ հանրապետության ընթացքում ավելի սուպերկառույց է եղել: ԱԱԾ-ի և այլ կառույցների մի շարք գործառույթներ կվերցվեն, երբ ձևավորվի անկախ հակակոռուպցիոն մարմին»:
Վարչապետը նշեց՝ հակակոռուպցիոն մարմինը դեռ չի ձևավորվում, քանի որ 100 տեսակետ կա, թե ինչպես պետք է ձևավորվի, ինչ լիազորություններ ունենա: Նա նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ի հետ քննարկումներ են այն մասին, որ առանձին հետախուզական ծառայություն ունենան, դեռ փորձում են հասկանալ՝ ինչպիսին պետք է լինի. դա պետք է մանրամասն քննարկված, մտածված գործողություն լինի:



