44-օրյա պատերազմի պատճառները քննող հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ վերջին 2-3 օրերին տեսնում եմ շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը ինչ-որ գաղտնի թղթեր ունի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, որովհետև հանձնաժողովը ստեղծված է Ազգային ժողովի կողմից: Սահմանադրական հանձնաժողովը և այդ հանձնաժողովի կատարած աշխատանքն Ազգային ժողովի և պետության սեփականությունն են, ներկայացնելուց հետո զեկույցը կծառայի մեր երկրի անվտանգությանը, իսկ դեկտեմբեր ամսին այն փորձաքննությունների փուլ կմտնի՝ գաղտնիության ռեժիմի հետ կապված: Զեկույցը՝ իր հատորներով, էջերով, որպես այդպիսին, ավարտված է»,- ասաց նա: Քոչարյանը նշեց, որ զեկույցը բավականին ծավալուն է:
Հարցին՝ այն ամբողջությամբ կներկայացվի՞ հանրությանը, պատգամավորը նշեց. «Դեռ հստակ չէ, թե զեկույցի որ մասը կլինի գաղտնի, որ մասը կհրապարակվի, բայց Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում այն հրապարակվելու է ամբողջ ծավալով»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք զեկույցի ներկայացման ժամկետի խախտում եղե՞լ է, Քոչարյանն ասաց. «Ոչ, եթե խախտում լիներ, հիմա գիտե՞ք՝ ինչ տեղի կունենար մեր ընդդիմադիր դաշտում։ Չկա խախտում, որովհետև վերջապես առաջին անգամ բոլորն ընկալեցին, թե կանոնակարգ օրենքի պահանջը և Սահմանադրության պահանջը իրենից ի՞նչ են ներկայացնում, առաջին հերթին՝ որակական ցուցանիշ, նոր հետո՝ թվային ցուցանիշ»։
Քոչարյանի խոսքով՝ զեկույցից հետո հնարավոր է լինեն քրեական գործեր: Ըստ նրա՝ արդեն կան հարուցված քրեական վարույթներ, որոնք թիվը կհնչեցնի լիագումար նիստերի դահլիճում։