«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը, չզեկուցվող հարցերի թվում, հաստատեց որոշում, որով 31.5 մլն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց «ՖՈՒԴ ԴԵՊՈ» ՍՊԸ (Food Depot LLC) ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող սարքավորումների, հումքի և նյութերի համար։
Կառավարությունը որոշել է.
«Բավարարել «ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը»։
Փաստաթղթում նշվում է նաև, որ ծրագրի շրջանակում նախատեսված ներմուծումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարի 18-ից մինչև 2027 թվականի փետրվարի 17-ը ներառյալ։
Ինչի համար է ներմուծվում հումքը
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար՝ մասնավորապես ամերիկյան արագ սննդի ցանցի համար.
««ՖՈՒԴ ԴԵՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կիսաֆաբրիկատների արտադրության համար (ամերիկյան Վենդիս արագ սննդի ցանցի համար)։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին»։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է իրականացնել.
• 210 մլն դրամ ներդրում հումքի ձեռքբերման համար։
• 187 մլն դրամ կապիտալ ներդրում։



