ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
2024թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Մեղրի համայնքի տարածքում, ժամը 12:30-ի սահմաններում, նշված վարչության և ՆԳՆ պարեկային ծառայության ծառայողների կողմից կանգնեցվել է դեպի Երևան ուղևորվող ավտոքարշակ և փաստաթղթերը ստուգելու նպատակով տեղափոխվել Ոստիկանության Մեղրիի բաժին: Այդ ընթացքում ավտոքարշակի վրա գտնվող ավտոմեքենայում թաքնված անձանցից մեկը ավտոմեքենայի պատուհանից նետել է թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթներ, ինչը նկատվել է և ավտոքարշակը կանգնեցվել է։ Փաթեթները նետող անձը դուրս է եկել ավտոմեքենայից և փորձել դիմել փախուստի, ինչը, սակայն կանխվել է։ Արարատի մարզի 38-ամյա և 33-ամյա երկու բնակիչ տեղափոխվել են ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի 38-ամյա բնակիչն ԻԻՀ-ում բնակվող, ինքնությունը դեռևս չպարզված անձանց նախապես խոստացել է պայմանավորված վայր տեղափոխել նրանց կողմից ՀՀ տարածք փոխանցված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
ԻԻՀ քաղաքացիներն առանց մաքսային հսկողության՝ նետելու միջոցով պետական սահմանով ապօրինի ՀՀ են տեղափոխել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված չորս փաթեթ։ 38-ամյա տղամարդը, 33-ամյա իր համագյուղացու հետ, 2024թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Մեղրի քաղաքի համապատասխան տարածքից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 3,5կգ հաստատուն քաշով թմրամիջոցի նմանվող զանգվածով լցված հիշյալ չորս փաթեթները և ապօրինի պահել 33-ամյա համագյուղացուն պատկանող «LADA GRANATA» մակնիշի ավտոմեքենայում: Այնուհետև նշված ավտոմեքենան բեռնել են Սյունիքի մարզի բնակչին պատկանող «Mersedes-Benz 612D» ավտոքարշակի վրա և, ԻԻՀ քաղաքացիների հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, թմրամիջոցով լցված փաթեթները Արարատի մարզի տարածքում գտնվող թաքստոցում թողնելու նպատակով, ուղևորվել են Արտաշատ քաղաք: Սակայն Մեղրի-Երևան ավտոճանապարհին նշված ավտոքարշակը կանգնեցվել է Ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից, իսկ վերոհիշյալ անձինք ձերբակալվել են։
Բացի այդ, իրավապահների կողմից իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 16:45-ի սահմաններում, Արարատի մարզում գտնվող թաքստոցից թմրամիջոցի պարունակությամբ փաթեթներ վերցնելու պահին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Երևան քաղաքի երկու բնակիչ, որոնց հիշյալ վայր է տեղափոխել Ապարան համայնքի բնակիչը: Նշված անձանց ձերբակալման ընթացքում վերջինս անձնական օգտագործման «NISSAN» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի, որի ընթացքում ավտոմեքենայի պատուհանից նետել է անհայտ նյութի պարունակությամբ պոլիէթիլենային պարկ և նոթատետր, սակայն Արտաշատ քաղաքի մոտակայքում իրավապահների կողմից ձերբակալվել և ավտոմեքենայով հանդերձ բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչություն: