2027 թվականից էլեկտրոնային ՀԴՄ-ի կտրոնների համար կգործեն նոր կարգավորումներ: Այս ,ասին տեղեկանում ենք իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծից:
2027 թվականի հունվարի 1-ից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգում կկատարվեն փոփոխություններ, որոնք վերաբերում են նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների (էլեկտրոնային ՀԴՄ) կտրոններին։
Փոփոխությունները նախատեսված են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման N 1 հավելվածում։
Ի՞նչ է փոխվում
Գործող կարգավորումներով որոշ դեպքերում հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ միաժամանակ տրամադրվող ՀԴՄ-ի կտրոնի համարը պետք է նշվի համապատասխան հաշվարկային փաստաթղթի «Լրացուցիչ տվյալներ» բաժնում։
Մասնավորապես, եթե նույն գործարքի շրջանակում տրամադրվում են՝
- հարկային հաշիվ,
- հաշիվ-վավերագիր կամ
- ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ,
և միաժամանակ տրամադրվում է ՀԴՄ-ի կտրոն, ապա հաշվարկային փաստաթղթում նշվում է տվյալ գործարքի շրջանակում տրամադրված կտրոնի համարը։
Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ հարկային հաշվի կամ հաշիվ-վավերագրի հետ տրամադրվում է ՀԴՄ-ի կտրոն, իսկ հետագայում գործարքը ճշգրտվում է։ Այդ դեպքում ճշգրտվում է նաև համապատասխան հարկային հաշիվը կամ հաշիվ-վավերագիրը։
Էլեկտրոնային ՀԴՄ-ն նույնպես կներառվի
2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՕ-309-Ն օրենքով նախատեսվել է ՀԴՄ-ի մասով գործող կարգավորումները կիրառել նաև էլեկտրոնային ՀԴՄ-ների նկատմամբ։
Դրան համապատասխան՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է N 1257-Ն որոշման մեջ հստակ ամրագրել, որ ՀԴՄ-ի կտրոնի վերաբերյալ կարգավորումները ներառում են նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնը։
Այսինքն՝ համապատասխան հաշվարկային փաստաթղթերի դեպքում անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնի տվյալները։
Ե՞րբ է ուժի մեջ մտնելու
Փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից։
Փոփոխության հիմնական նպատակն է գործող կարգավորումները համապատասխանեցնել էլեկտրոնային ՀԴՄ-ների վերաբերյալ նոր իրավական կարգավորումներին և նույն գործարքի շրջանակում տրամադրվող փաստաթղթերի ու կտրոնների միջև կապը հստակեցնել։
Փոփոխությունը ոչ թե վերացնում է ՀԴՄ-ի կտրոնի համարը հաշվարկային փաստաթղթում նշելու պահանջը, այլ այդ կարգավորման շրջանակում հստակորեն ներառում է նաև էլեկտրոնային ՀԴՄ-ի էլեկտրոնային կտրոնը։



