
ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի ընտրության մրցույթն ամփոփել ենք, որը երկար մրցույթ էր, երրորդ տարին է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, «Կենսաչափական համակարգի ներդրման աշխատանքները՝ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ասուլիսը։
«2024 թվականի ապրիլին տեղի ունեցավ մրցույթի առաջին՝ որակավորման փուլը, որի արդյունքներով հինգ ամիս բանակցություններից հետո նաև մեկնարկեց բուն առաջարկի հարցման փուլը և արդյունքում մարտի 31-ին արդեն մենք հայտարարեցինք հաղթող ընկերության անունը՝ IDEMIA կոնսորցիում:
Այս հայտատուի կազմում կա նաև այլ ընկերություններ գրավված, բայց առաջատար անդամը ֆրանսիական հայտնի կազմակերպությունն է։ Հավաքած միավորների թիվը կազմում է 94.97, մեր մյուս որակավորված հայտատուն, որը էլի կոնսորցիումի ձևաչափով էր մասնակցում մրցույթին և առաջատար անդամը գերմանական հայտնի AUGENTIC կազմակերպությունն էր, ընդհանուր գնահատող հանձնաժողովի գնահատականների արդյունքում հավաքել է 79.24 միավոր:
Որակ-գին հարաբերակցության ձևաչափով է անցել մրցույթը, ընդ որում որակի մասնաբաժինը 70% է ընդհանուր գնահատականի մեջ, իսկ գնի մասնաբաժինը 30% է: Մենք առաջինը ամփոփեցինք որակի հատվածը և նվազագույն շեմը հաղթահարեցին երկու հայտատուներն էլ: Դրանից հետո միայն բացվեցին երկու հայտատուների գնային առաջարկները և ունենք այս պատկերը»,-ասաց նա:
Հարցին՝ որոնք են հետագա փուլերը, Նելլի Դավթյանը պատասխանեց. «Մենք պետք է այլևս արդեն պայմանագիրը կնքենք հաղթող ընկերության հետ: Այս փուլում արդեն շատ չենք ուշացնի, ըստ էության պայմանագիրը ընդունելի տեսք ունի և հանրային գործընկերոջ՝ կառավարության համար, և մասնավոր գործընկերոջ՝ տվյալ պարագայում հաղթած հայտատուի համար: Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք երկկողմ հարմար օր, տեղ և փաստաթուղթը կստորագրվի։
Այս փուլում արդեն հայտատուն պետք է ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստրում ունենա համապատասխան գրանցումը և որպես կողմ արդեն ի վիճակի կլինի ստորագրել պայմանագիրը։
2026-ի երկրորդ կիսամյակում կունենանք արդեն կենսաչափական համակարգը ներդրված և փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ, կսկսենք տրամադրել քաղաքացիներին»,-ասաց նա: