2025–ին ունեցել ենք հարկային եկամուտների 14 տոկոս կամ 334 մլրդ դրամի աճ, որի արդյունքում պետական բյուջե մուտք է եղել 2 տրլն 225 մլրդ դրամի հարկային եկամուտներ և տուրքեր։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Թե ծրագիրը, թե ճշտված ծրագիրը գերակատարվել են։ Հարկային մասով ունենք 14.5 տոկոսանոց աճ, իսկ մաքսային մասով՝ 11,6 տոկոսանոց աճ։
2025–ին գրանցել ենք 2018–ից ի վեր հարկեր/ՀՆԱ ցուցանիշի երկրորդ ամենամեծ բարելավումը՝ 1 տոկոսային կետ՝ հասնելով 24.5 տոկոսի։ Հիշեցնեմ, որ 2026–ի համար կառավարության ծրագրով 25 տոկոս էր թիրախը, որին այս տարի կհասնենք իմ համոզմամբ։
Բացի այդ, մենք կարողացել ենք զուգահեռ նաև հարկ վճարողներին վերադարձնել 409 միլիարդ դրամ և դա 4.2%-ով ավել է անցած տարվա նկատմամբ, և այստեղ առանձնահատուկ աչք է ընկնում հիպոթեքի գծով եկամտային հարկի վերադարձը, որը հասել է բավական բարձր ցուցանիշի՝ 95.6 միլիարդ դրամի կամ անցած տարվա նկատմամբ 39.4%-ով աճ է գրանցվել»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2025–ի վերջի դրությամբ աշխատատեղերի քանակը հասել է 823 000–ի, որը 5.7%-ով ավել է 24 թվականից. «Կարելի է ասել, որ կառավարության ամբողջ հորիզոնի համար մոտ 300 000 աշխատատեղեր են ստեղծվել, իսկ միջին եկամուտը, 401400 դրամ է, որը շուրջ 6%-ով ավել է անցած տարվա ցուցանիշից»։
Էդուարդ Հակոբյանի խոսքով, նման ցուցանիշների կարողացել են հասնել վարչարարության արդյունավետության բարձրացման արդյունքում, միաժամանակ այցերը հարկ վճարողներին և շփում ենթադրող ստուգումների քանակը նվազել է։



