Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը և միջազգային գործընկերները համակարծիք են, որ Հայաստանի տնտեսական աճի պոտենցիալն աճել է։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Մենք գնահատում ենք, որ 2025 թվականին տնտեսական աճի պոտենցիալը կկազմի 5,4 տոկոս, նախորդ տարիներին այն միջինում կազմում էր 4,5 տոկոս կամ ավելի քիչ։ Սա նշանակում է, որ վերջին տարիներին դուրս ենք եկել աճի նոր տրաեկտորիայի»,- ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ 2025 թվականին պլանավորվում է 5,6 տոկոս տնտեսական աճ, որը հիմնականում պայմանավորված կլինի ներքին պահանջարկի աճով։
Նախարարը հավելեց, որ բյուջեի դեֆիցիտը կկազմի 5,5 տոկոս, իսկ Կառավարության պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը՝ 53,5 տոկոս։
«Մեր նպատակն է միջնաժամկետ հատվածում պարտքը կայունացնել մոտավորապես 54 տոկոսի շրջանակում՝ չգերազանցելով 60 տոկոսի մակարդակը՝ նույնիսկ տարբեր ռիսկերի նյութականացման պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։