Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների միջև ներքին առևտրի ծավալը 2025 թվականի արդյունքներով կազմել է շուրջ 95 մլրդ ԱՄՆ դոլար։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Դանիյար Իմանալիևը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է աճ մի շարք ապրանքախմբերի գծով։ Մասնավորապես, նախորդ տարվա արդյունքներով սննդամթերքի, տեքստիլի և կոշիկի ոլորտներում ակնկալվում է շուրջ 20% աճ, փայտանյութի և թղթի ցելյուլոզայի արտադրանքի մասով՝ մոտ 14% աճ, իսկ քիմիական արտադրանքի գծով՝ շուրջ 2,3% աճ։
Իմանալիևը նշել է, որ 2025 թվականին Հայաստանը 15%-ով ավելացրել է մրգի և բանջարեղենի մատակարարումները ԵԱՏՄ շուկաներ, իսկ Հայաստանից թարմ սառեցված ձկան արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներ աճել է 21%-ով։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին փոխադարձ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը ԵԱՏՄ երկրների արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 20%։



