2024 թվականի առաջին կիսամյակում Երևանում տնկվ...

Երևանի Մաշտոցի պողոտայում կողմնակի ազդեցության հետևանքով չորացած բոլոր ծառերը կփոխարինվեն նույն մատակարարի՝ անհատույց տրամադրած տնկիներով: Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում այդ մասին հայտնեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ անդրադառնալով վերջերս համացանցում հայտնված տեսանյութին, որից երևում է, որ անհայտ անձը ինչ-որ հեղուկով ցողում է ծառերը, որոնք հետագայում չորացել էին: 

Նա նշեց, որ սոսի ծառերը վնասելու դեպքի կապակցությամբ արդեն դիմում է ներկայացվել իրավապահ մարմիններին, ընթանում է նախաքննություն: Արմեն Բեգոյանը տեղեկացրեց, որ Հողագիտության ինստիտուտում կատարած լաբորատոր ստուգմամբ պարզվել է, որ նշված ծառերի տակի հողածածկույթում մետաղների և ազոտի քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի չափը, ինչն էլ հանգեցրել է ծառերի չորացմանը:

Արմեն Բեգոյանը նշեց նաև, որ այդ տնկիների մատակարարը պատրաստակամորեն տրամադրել է նույն տեսակի ծառերի նոր տնկանյութ: 

Բանախոսի տեղեկացմամբ՝ 2024 թվականի առաջին կիսամյակում Երևանում տնկվել է 1903 հասուն արժեքավոր ծառ և շուրջ 50 հազար թուփ: 2023 թվականի նույն ժամանակահատվածում տնկվել է 807 հասուն արժեքավոր ծառ: Այդպիսով, նախորդ տարվա համեմատ կատարողականը կազմել է 236 տոկոս: Ըստ Բեգոյանի՝ հաշվետու ժամանակաշրջանում Երևանի կանաչ տարածքներն ընդլայնվել են 4.2 հեկտարով: 

Հունիսի 1-ի դրությամբ մայրաքաղաքում վերակառուցվել և արդիականացվել է 9300 գծամետր երկարությամբ ոռոգման ցանց: Երևանի 36 շատրվաններից և դեկորատիվ ջրավազաններից մայիսի 1-ի դրությամբ գործարկվել է 34-ը: 

Տակավին չի գործում մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքի մոտ գտնվող շատրվանը: Պատճառը խորքային է. շատրվանի ավազանից ջրի հոսք է տեղի ունենում դեպի մետրոպոլիտեն, բացակայում է ջրահեռացման համակարգը: Խնդրի կարգավորման հնարավորությունն արդեն իսկ  ուսումնասիրում է հատուկ աշխատանքային խումբը:

Արմեն Բեգոյանը նշեց նաև, որ Երևանը ստացել է նոր թափոնամաններ: Դրանց քանակով Հայաստանի մայրաքաղաքը լավագույնն է ճանաչվել Եվրամիության՝ «Տիրանա-Վարշավա-Երևան» ծրագրի շրջանակներում:

«Ստացել ենք շուրջ 1 մլն եվրոյի գույք՝ 930 նոր թափոնամաններ և «Վոլվո» մակնիշի երկու բազմաֆունկցիոնալ մեքենաներ: Նոր թափոնամանները կտեղադրվեն Երևանի շուրջ 180 նոր հասցեներում և հասանելի կլինեն քաղաքի արդեն 300 հասցեներում: Ի դեպ, ստվարաթղթի, ապակու և պլաստիկի համար ավելի վաղ տեղադրված թափոնամաններին ավելացվել է նաև ալյումինե իրերի համար նախատեսված տարա:  

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Արմեն Բեգոյանին խնդրեց ամենաուշը սեպտեմբերի սկզբին ներկայացնել աշնանային աշխատանքների ծրագիրը, որպեսզի այն դրվի հանրային քննարկման: