
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն` անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, որ մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին:
«Ստորև բերված պաշտոնական վիճակագրությունը վերաբերում է ՀՀ բնակչության շուրջ 40 տոկոսին՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի ՀՀ քաղաքացիներին։
2018 թ․ առաջին եռամսյակում՝
- մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 61355 դրամ,
- կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 40634 դրամ,
- մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 31350 դրամ,
- պետական պարտքը՝ 6,887 միլիարդ ԱՄՆ դոլար։
2025 թ․ առաջին եռամսյակում՝
- մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը կազմել է 78181 դրամ,
- կենսաթոշակի միջին ամսական չափը՝ 49567 դրամ,
- մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը՝ 33350 դրամ,
- պետական պարտքը՝ 13,581 միլիարդ ԱՄՆ դոլար։
Փաստորեն, նախորդ 7 տարիներին այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ՝ սոցիալապես անապահով հարյուր հազարավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, մասնավորապես՝
- թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5 տոկոսով․ կենսաթոշակի միջին ամսական չափն ավելացել է 22 տոկոսով, իսկ մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է 27,5 տոկոսով,
- նպաստառու ընտանիքների, այդ թվում՝ աղքատ և ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21 տոկոսով․ մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափն ավելացել է 6,4 տոկոսով, իսկ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքն է աճել 27,5 տոկոսով»: