2018-ին Փաշինյանը «բուդկում» 13 հազար դրամ պա...

Հայաստանում պարգևավճարների վերջին աղմուկը նույնիսկ զարմանք չի առաջացնում․ այն պարզապես հերթական ապացույցն է, թե ինչպես է «ժողովրդական իշխանությունը» վերածվել ինքնապարգևատրվող ակումբի։ Նախարարները՝ մինչև 9 միլիոն դրամ, վարչապետը՝ 13 միլիոն 800 հազար։ Թվերը հնչում են ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես շահում վիճակախաղում։

Եվ երբ այս ամենի ֆոնին վարչապետը հանգիստ դեմքով հայտարարում է, որ «լավ մասնագետները պետք է լավ վարձատրվեն», ակամա ուզում ես ճշտել՝ խոսքը ո՞ր մասնագետների մասին է։ Որովհետև նույն մարդը, որի մասին տարիներ առաջ մամուլը գրում էր, որ սեփական շենքի բակի կրպակում անգամ 13 հազար դրամ պարտք ուներ, այսօր խոսում է միլիոնների լեզվով՝ այնպես վստահ, կարծես Մանթաշովի թոռն է եղել, ոչ թե «ժողովրդի տղա»։

Տպավորություն է, որ իշխանության գալով՝ այս մարդիկ ոչ թե պետություն են ղեկավարում, այլ մանկության չապրած կյանքն են հետ բերում։ Սոված, կիսատ մնացած, կոմպլեքսավորված մանկության վրեժն են լուծում պետական բյուջեի վրա։ Այն, ինչ տարիներ շարունակ չեն ունեցել, հիմա փորձում են «հատուցել»՝ ոչ թե սեփական աշխատանքի հաշվին, այլ հանրային փողերով։ Կլպել բյուջեն՝ սա է դարձել նրանց անձնական սոցիալական արդարությունը։

Ամենաաբսուրդն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես նորմալ, օրինաչափ, նույնիսկ առաջադեմ քայլ։ Մինչ թոշակառուն հաշվում է՝ այս ամիս դեղ գնի՞, թե՞ լույսի վարձը տա, իշխանությունը քննարկում է՝ 9 միլիոնը իրենց համար մի բան էլ քիչ է։ Մինչ մարզերում մարդիկ լքում են գյուղերը, որովհետև ապրելու միջոց չունեն, կառավարությունում զբաղված են իրենց գրպանները լեցնելով։

Այս իշխանության կերպարանափոխությունը շատ հիշեցնում է Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Այն խոզերին, որոնք սկզբում պայքարում էին անարդարության դեմ, հետո սկսեցին քայլել մարդկանց նման, խոսել նրանց լեզվով ու վերջում դարձան հենց այն, ինչի դեմ ապստամբել էին։ Այս կառավարությունն էլ նույն ճանապարհն է անցել․ ինչի դեմ պայքարում էին կամ ձև էին տալիս, թե պայքարում էին՝ հենց դա էլ դարձել են։ Պարզապես հիմա դա անում են հեղափոխական բառապաշարով ու բարոյախրատներով։

Նախկինում ասում էին՝ «թալան չկա», հիմա պարզվում է՝ թալան կա, ուղղակի օրինականացված ու սեփական ձեռքով հաստատված։ Իշխանությունը փոխվել է, իսկ հարստանալու ձգտումը՝ ոչ։

Պետությունը չի կարող կառավարվել մանկության վրեժներով։ Իսկ եթե կառավարությունը հենց այդ տրամաբանությամբ է գործում, ապա խնդիրը ոչ թե 9 կամ 13 միլիոնն է, այլ այն, որ պետական բյուջեն վերածվել է օրուելյան ֆերմայի կերի՝ միայն թե «խոզերն» արդեն ամբողջությամբ մոռացել են, թե ինչի դեմ էին ժամանակին պայքարում։