ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը հայտնեց իր կողմից կատարված ուսումնասիրության մասին․ խոսքը տարեսկզբին համացանցում տեղեկության տարածման մասին է, ըստ որի՝ 2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվությունների, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն ԱՄՆ դոլար:
«ՀԲ-ի 2019 թվականի հոկտեմբերի հաշվետվության համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 մլն դոլար։ Համեմատության համար նշեմ, որ ըստ 2018 թվականի հաշվետվության՝ 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 մլն դոլար»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հաշվետվությունն առկա է բանկի պաշտոնական կայքում։
Պատգամավորը պարզաբանումների համար հարցում է ուղարկել ՀՀ Կենտրոնական բանկ, որի պատասխանից հատված է մեջբերել․
«ՀՀ և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլև Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Համաձայն հրապարակման մեջ առկա Համաշխարհային բանկի մեկնաբանությունների, միգրանտների վերաբերյալ տվյալները տարբեր երկրներում թերի են, իսկ հաշվարկների հիմքում ընկած են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալներ: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանում առկա է Ադրբեջանից եկած 87 հազար միգրանտ, իսկ Ադրբեջանում Հայաստանից գնացած 146 հազար միգրանտ»։
Պատգամավորն անընդունելի է համարում ԿԲ պարզաբանումը, քանի որ այդ տրամաբանությամբ թվերը միշտ պետք է լինեն նույնը՝ հաշվի առնելով, որ հաշվարկի բազային արժեքներն անփոփոխ թվեր են։
Հարցում է ուղարկվել նաև Համաշխարհային բանկ, այդ պատասխանից ևս մեջբերում ներկայացվեց․
«Երկկողմ դրամական փոխանցումները գնահատվում են՝ օգտվելով երկկողմ միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական գործերի վարչության հրապարակված տվյալներից, որոնք էլ իրենց հերթին հիմնված են մարդահամարի տվյալների և կանխատեսումների վրա: Ներկա պահին, փետրվարի 24-ից սկսած, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ դրամական փոխանցումների վերաբերյալ տվյալները հեռացվել են տվյալների շտեմարանից»։



