2018 թվականին իշխանության բերվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իրեն սպասարկող ծառայողական մեքենայի գոլդ 001 եռանիշ պետհամարանիշից։ Այն ժամանակ իշխանական քարոզչամեքենան բացատրում էր, թե Փաշինյանը իրեն շարքային մահկանացու է համարում և պետության թիվ մեկ դեմքի համար նախատեսված պետհամարանիշից հրաժարվել է, որպեսզի չտարբերվի մյուս 2 999 999 վարչապետերից։
Պատերազմից հետո Փաշինյանի մոտ իրավիճակ փոխվեց և իրեն սպասարկող մեքենան սկսեց կրել 001 պետհամարանիշը։ Ժողովրդին աղետի առաջ կանգնեցրած Փաշինյանն այլևս իրեն շարքային չի համարում ու անհրաժեշտ է համարել գոլդ պետհամարանիշով առանձնացնել իր կարգավիճակը։ Եթե իրեն պետության թիվ մեկ դեմքն է համարում ուրեմն հենց 001 պետհամարանիշով պետք է շրջի։
Պարզվում է Փաշինյանը միակը չէ իրենց ընտանիքում, որ պատերազմից հետո որոշել է գոլդ պետհամարանիշով շրջել։ Կինը՝ Աննա Հակոբյանն էլ հետ չի մնացել և ինքն էլ շրջում է 002 պետհամարանիշը կրող մեքենայով։ Հետաքրքիր հարց է առաջանում, եթե Փաշինյանը, որպես թիվ մեկ պաշտոնյա շրջում է 001 պետհամարանիշով, ապա որպես ով է 002 պետհամարանիշով շրջում Աննա Հակոբյանը։ Երևի թե նա Հայաստանի թիվ 2 պաշտոնյան է, պարզապես հանրությանը չեն տեղեկացնում։
Ի դեպ, Աննա Հակոբյանի նոր սպասարկող մեքենան գերթանկարժեք Lexus LX 600 Ultra Luxury է, որն արժե գրեթե 200 հազար դոլար։ Ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ գաղտնի որոշմամբ նոր մեքենաներ են գնել, այդ թվում Աննա Հակոբյանի համար, որն ըստ լրատվամիջոցի տեղեկությունների արժեցել է 150 հազար դոլար, սակայն մեքենայի արտաքին տվյալները հուշում են, որ իրական արժեքը 200 հազար դոլար է, քանի որ այն կարծես անհատական պատվեր է։
Շատ հետաքրքիր է դիտարկել Փաշինյանների ցոփ ու շվայտ կյանքը։ Մարդիկ ժամանակին ամբողջ ընտանիքով մի կիսատ պռատ Նիսան ունեին, իսկ հիմա տարին մեկ մի քանի հարյուր հազար դոլարանոց մեքենա են փոխում։