
Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը 2 տարեկան է։ 2019 թվականի մարտ ամսին մայրաքաղաքային այս կառույցը սկսեց ստերջացնել առաջին շներին՝ բացառելով նախկինում գործող սպանդի պրակտիկան։
Այս ընթացքում կենտրոնն իրականացրել է ահռելի աշխատանք։ Այսպես՝ 2 տարվա ընթացքում ստերջացվել, կատաղություն հիվանդության դեմ պատվաստվել և կլիպսավորվել է 6000-ից ավելի շուն, 120-ից ավելին՝ հանձնվել որդեգրության ու փրկվել փողոցային կյանքից։
Ստեղծվել է շների կողմից մարդկանց կծման դեպքերի անմիջական և օպերատիվ հավաքագրման համակարգ՝ համագործակցելով մայրաքաղաքային պոլիկլինիկաների հետ։ Ստերջացված բոլոր կենդանիները պատվաստվել և պատվաստվում են կատաղություն հիվանդության դեմ, ինչի արդյունքում ստեղծվել է կատաղություն հիվանդության հանդեպ շների քաղաքային կայուն պոպուլացիա։
2 տարվա ընթացքում իրականացվել և իրականացվում է շների շրջանում հատուկ վտանգավոր հիվանդությունների օջախների բացահայտում, վերացում և հետագա վերահսկողություն։
Կլինիկայում անընդհատ իրականցվում է անասնաբույժ-վիրաբույժների ուսուցում և վերապատրաստում։ Արդյունքում ՝ կենտրոնն ունենում է մասնագիտական ռեկորդներ․ ստերջացման վիրահատություններ են իրականանում մինչև 1 սմ երկարություն ունեցող կտրվածքով։ Լինում են նաև ռեկորդային արագությամբ ստերջացման վիրահատություններ՝ 7-8 րոպե տևողությամբ(կենտրոնում իրականացված ամենաարագ վիրահատությունը տևել է ընդամենը 6 րոպե)։
Կենտրոնն օրական ստանում է քաղաքացիների կողմից մի քանի տասնյակ ահազանգ, որոնք բոլորն ընթացք են ստանում։ Հրատապ լուծում պահանջող ահազանգերի դեպքում շտապում ենք անգամ ոչ աշխատանքային ժամերին։
ՀՈԱԿ-ն աշխատում է մարդկանց համար և հավակնում է լինել ամենամարդակենտրոն կառույցը։ Ուստի, այսուհետ կենտրոնը կունենա ընդունելության օրեր, որոնց ընթացքում քաղաքացիները հնարավորություն կունենան հանդիպելու տնօրեն Հրաչյա Աղաբեկյանին, քննարկելու իրենց հուզող հարցերը։ Հանդիպումներին ներկա կլինեն նաև գլխավոր անասնաբույժը և ծրագրի ղեկավարը։ Ընդունելությունները կլինեն յուրաքանչյուր ամսվա 10-ին, 20-ին և 30-ին։ Հանդիպման համար հարկավոր է նախապես գրանցվել՝ կապ հաստատելով կենտրոնի հետ։
Հարգանքով՝
Երևանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ