17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել...

Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա պատանուն:

Վերջինս, դիտողությունից վիրավորված, հոր և ընկերների հետ վերադարձել է 2-րդ փողոց: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանք մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Մայիսի 1-ին 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:

Կատարվում է նախաքննություն: